Կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաուն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում անգլերենի իմացության մակարդակի բարձրացման վերաբերյալ:

Համագործակցության շրջանակներում «Անգլերեն ուսուցում» ծրագրի շրջանակում հայ ուսուցիչներին կցուցաբերվի մասնագիտական աջակցություն՝ համատեղ դասավանդելու, դասընթացներն առավել արդյունավետ պլանավորելու և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը բարելավելու համար:

Նշենք, որ Խաղաղության կորպուսը Հայաստանում գործունեություն է ծավալում սկսած 1992թ-ից և այս ընթացքում հատկապես կրթության ոլորտում ամերիկացի կամավորների կողմից կատարվել է մեծ աշխատանք:

Ներկայացնելով հուշագրի նպատակները` ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաուն նշել է, որ կամավորները հայ ուսուցիչների հետ համատեղ կմշակեն կրթական նյութեր՝ գրադարանները և ռեսուրս կենտրոնները հարստացնելու նպատակով, իրենց ներուժը կներդնեն անգլերենի դասավանդման բարելավման համար։

Հուշագիրը կգործի 5 տարի ժամկետով: