«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է դեկտեմբերի 25-ին Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն, մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել Անվտանգության ազգային դիրեկտորատի (Աֆղանստանի հետախուզական ծառայության) շենքի մուտքի մոտ:

«Սինհուա» գործակալությունը, հղում անելով հանրապետության ՆԳ նախարարությանը, հայտնել է, որ գրոհի զոհ է դարձել առնվազն ութ մարդ, ևս երկուսը վնասվածքներ են ստացել: Նշվում է, որ զոհվածների թվում են ոստիկանության մեկ աշխատակից, մեկ զինվորական, ինչպես նաև մի քանի կանայք, որոնք գտնվում էին պայթյունի վայրից ոչ հեռու անցնող մեքենայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: