Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը՝ ասաց, որ այն չի համապատասխանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգություններին և չի տալիս համակարգային լուծումներ, այլ ուրիշ դաշտ է տեղափոխում, որի պարագայում առանձին փոքր փոփոխություններ կարող են կատարվել, բայց էական փոփոխություն՝ ոչ. «Ուստի զինծառայության առումով մի շարք խնդիրների լուծման բացակայությունը մնում է մտահոգիչ»:

Ըստ նրա՝ նույնիսկ, եթե քաղաքացին համաձայնի «Ես եմ» կամ «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակներում պայմանագիր կնքել, այնուամենայնիվ, պետք է անցնի բուժզննություն, որն ըստ նրա՝ պետք է կարևոր հարց լինի, առանց որի, եթե նույնիսկ անձը ցանկանում է պայմանագիր կնքել, բայց առողջական վիճակը չի բավարարում, այն չպետք է կնքվի. «Կան նաև խնդիրներ, որոնք մնում են օրակարգում․ մի քանի հիվանդությունների համակցությամբ պիտանելիության որոշման հարցը։ Ըստ գործող օրենքի՝ եթե անձն ունի հինգ հիվանդություն, որոնցով ճանաչվում է սահմանափակումով պիտանի, ապա մեկ տարի տարկետում են տալիս: Ւսկ ինչո՞ւ՝ հինգ, և ոչ՝ երկու, որովհետև նույն անձի մոտ է։ Մենք գտնում ենք, որ մեկից ավելի հիվանդության առկայության դեպքում պետք է անհապաղ տարկետում տրվի անձին: Սա մնում է չլուծված»։

Սաքունցը նկատեց՝ այսօրվա կարգավորումներով, եթե նույնիսկ տարկետում է տրվում, ապա դա տրվում է բժշկական ծառայությունների համար, որը չի մատուցվում. «Այսինքն՝ այդ տարկետումն ինքնին արդեն ձևական բնույթ ունի։ Նույն առողջական խնդրի պատճառով հիմա տարկետում տրամադրում են, հետո հաջորդ զորակոչին ճանաչում են պիտանի, երբ առողջական վիճակում որևէ փոփոխություն չի կատարվել։ Արդեն ունենք 1 քրեական գործ, երբ զորակոչիկը սրտի հետ կապված խնդիր ուներ և ճնշումը բավական բարձր էր, զորակոչային հանձնաժողովի բժիշկը պատշաճ տվյալներ չէր արձանագրել, և զորակոչվելուց կարճ ժամանակ անց զորակոչիկը մահացել էր: Մի շարք զորակոչիկներ կան, որ զորակոչվելուց կարճ ժամանակ հետո տեղափոխվում են զինվորական հիվանդանոց»:

Արթուր Սաքունցն ընդգծեց՝ անձի բժշկական զննության իրականացումը պետք է ապահովվի գաղտնիության պայմաններում. «Ոչ թե մի քանի հոգու զննեն, այլ յուրաքանչյուրին անհատական զննման ենթարկեն։ 50-100 հոգու նույն ժամին կանչում են զննության, և առաջանում են տարբեր խնդիրներ։ Զորակոչի ընթացքում թե՛ զորակոչիկների, թե՛ քաղաքացիական բժշկական հանձնաժողովները պետք է ոչ միայն իրենց սահմանված գործառույթներն իրականացնեն, այլ պարտավոր են յուրաքանչյուր զորակոչիկի իրազեկել նրա իրավունքների մասին, նաև բացատրել նրա բողոքարկման իրավունքները, որը չի արվում։ Երբ անձն իրավապահ որևէ մարմնի հետ գործ ունի, պարտավոր են բացատրել նրա իրավունքները, իսկ ՊՆ-ն իրավապահ մարմին է»։