ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

Բժիշկներն արտիստի վիճակը գնահատում են՝ չափազանց ծանր: Տաբակովը վատացել էր նախօրյակին, թեև դեկտեմբերին ավելի վաղ հաղորդվել էր նրա հիվանդության զարգացման դրական դինամիկայի մասին: 82-ամյա Տաբակովին նոյեմբերի վերջին հոսպիտալացրել էին Պիրոգովի անվան Քաղաքային կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Տարբեր ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նրան ախտորոշել էին արյան վարակում և միացրել թոքերի արհեստական օդափոխման սարքին, ինչպես նաև շտապ կարգով վիրահատել էին: Ժողովրդական արտիստի որդին՝ Անտոն Տաբակովը, իր հերթին, հայտարարել է, որ իր հոր մոտ թոքերի բորբոքում է:

Օլեգ Տաբակովը դերեր է կատարել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Պատերազմ և խաղաղություն», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Տասներկու աթոռ», «Դ՛ Արտանյանը և երեք հրացանակիրները», «Մի քանի օր Օբլոմովի կյանքից», «Մոսկվան արցունքների չի հավատում» և «Մարդը՝ Կապուցինների բուլվարից» ժապավենները: