Մոբայլ ծրագրավորողները կարող են Հայաստանից Google Play-ում տեղադրել և վաճառել իրենց ստեղծած հավելվածները, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ մինչև այժմ հայ ծրագրավորողները Google Play-ում անվճար հավելվածներ տեղադրելու հնարավորություն ունեին, որոնք հասանելի էին ամբողջ աշխարհում, սակայն վճարովի հավելված կամ հավելված, որը կարող է պարունակել ներհավելվածային գնումներ (In-app purchase), Հայաստանում բացված ծրագրավորողի հաշիվները (Developer account) տեղադրել չէին կարող:

Պատճառն այն էր, որ Հայաստանը ընդգրկված չէր Google-ի կողմից թույլատվություն ունեցող երկրների ցանկում: Տեղական ընկերությունները ստիպված էին այլ երկրներում բացել «Developer account» և հարկ վճարել այլ երկրներում ստացված վաճառքների դիմաց։ Դժվարություններ էին լինում նաև գումարը ստանալիս, քանի որ Google -ը ուղարկում էր գումարը միայն տվյալ երկրում բացված բանկային հաշիվներին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Google ընկերության ներկայացուցիչների միջև դեռ նախորդ տարվանից բանակցություններ էին ընթանում այս ուղղությամբ, որոնք օրերս հաջողությամբ են ավարտվել:

Հայաստանում գրանցված ընկերությունները կարող են վաճառել իրենց հավելվածները Google Play-ում և ստանալ եկամուտներ: