Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին սպասվող հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կասեցվելու են։

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից», - աված է հաղորդագրությունում։

Վերոնշյալ օրը Երևանի Հանրապետության հրապարակում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22։00 արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Արամի խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի-Մելիք-Ադամյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցներում և Շահումյանի հրապարակի տարածքում ու Զաքյան փողոցում՝ Գրիգոր Լուսավորչից մինչև Խորենացի փողոց։

Ժամը 15։00-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից, Նալբանդյան փողոցով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից, Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։ Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները: