ՀՀԿ ներկայացուցիչները քննադատել են օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

«Ամփոփելով վերհիշյալը, ընդունեմ, որ սխալվում էի, երբ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասացի, որ մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ: Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք: Անգամ շարքային» - Արմեն Աշոտյան։

Ըստ Աշոտյանի, Փաշինյանի երեկվա ելույթը ուժգին հարված էր Հայաստանի պետականությանը: «Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտները, կառույցներն ու մեխանիզմները, պետությունը փոխարինելով “ԵՍ ու Ժողովուրդը” առաջին հայացքից ականջահաճո, իսկ իրականության մեջ հակապետական բանաձևով: Հայաստանը տոտալ դեինստիտուցիոնալիզացիայի փուլում է. վարչապետը փորձում է իրենով փոխարինել օրենքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչություները և այլն», - գրել է նա։

«Օրեր առաջ Հայաստանի նոր իշխանություններին անվանեցի թավշյա խունտա, ինչին հետևեց պետական քարոզչամեքենայի ինտենսիվ գործադրումը: Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը լավագույնս հաստատեց իմ տրված գնահատականը: Ճնշումների գործադրմամբ իշխանության եկած, ուժային կառույցների գործադրմամբ սեփական իշխանությունը ամրացնելու փորձեր անող, երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորող իշխանության ղեկավարը երեկ հարձակվեց իշխանության մյուս ճյուղերի՝ օրենսդիր և դատական մարմինների վրա»,- նշել է Աշոտյանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ դիմել է Փաշինյանին՝ ասելով, որ նա չփորձի «մատ թափ տալ պատգամավորների վրա»։

«100 օր առաջ պրն. Փաշինյան, դուք շահարկեցիք արյունահեղությունից, եղբայրասպանությունից ամեն գնով խուսափելու մեր դիրքորոշումը և շանտաժով հասաք ձեր ուզածին: Հիշեցնում եմ, այսօր դուք ոչ թե ընդդիմադիր ամբոխավար եք, այլ իշխանություն, Դուք եք պատասխանատու երկրում տիրող իրավիճակի համար և չփորձեք մատ թափ տալ ու սպառնալ պետական ինստիտուտներին և պատգամավորներին, դատավորներին և այն քաղաքացիներին, ովքեր այլ տեսակետ ու կարծիք ունեն, չփորձեք ոտնահարել օրենքն ու պետությունը», - գրել է նա։

Ըստ Շարմազանովի, Փաշինյանի իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ «վտանգավոր միտումներ են որդեգրվել՝ խոսքի, այլակարծության իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում սեփական շահերին, ազգային և քրիստոնեական արժեհամակարգի փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ, պղծության և այլասերության բացահայտ քարոզ, ահաբեկչության խրախուսում`ՀՀ ոստիկանության գնդապետին և ենթասպաներին գնդակահարած ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների ազատ արձակում, սարքած դատական գործեր`քաղաքական իջեցված պատվերով, որոնք դեռ չմեկնարկած ջախջախվում են, կրկնակի թանկացումներ»։

«Այս ցանկը շարունակելի է: Ահա այն «ձեռքբերումների» մի մասը, ինչին հասել է Փաշինյանի իշխանությունը հարյուր օրվա ընթացքում:Պարոն Փաշինյան, հարյուր օր անց վերահաստատում եմ կարծիքս,Դուք ոչ ՀՀ վարչապետ կարող եք լինել, ոչ էլ`առավել ևս ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: Կրկին չհամոզեցիք», - եզրափակել է նա։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ գրել է, որ մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ:

«Հատկապես մտահոգիչ են ՀՔԾ պետի հայտարարությունները: Սակայն մտահոգության շատ ավելի մեծ առարկա է վերջին ժամանակահատվածում վարչապետի կողմից ավելի ու ավելի հաճախ արվող հայտարարությունները, այդ թվում՝ երեկվա հանրահավաքին, որոնք իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար: Մինչդեռ թե՛ Սահմանադրության և թե՛ դատական օրենսգրքի մակարդակով ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ և երաշխիքներ, որոնք կոչված են դատական իշխանությանը և դրա կրողներին պաշտպանել նմանատիպ ոչ իրավաչափ ներգործությունից: Դատական Օրենսգիրքը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը։ Այդ արգելքի ակնհայտ, կոպիտ և նպատակային խախտումների պայմաններում հիմնական դերակատարը Բարձրագույն դատական խորհուրդն է, որը որպես անկախ պետական մարմին պետք է իրացնի իր սահմանադրական հիմնական գործառույթը՝ երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը», - հայտարարել է նա: