Կառավարության անդամներին, կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին ուղղված լրատվամիջոցների հետ առնչվելու կարգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը պետք է գործի սինխրոնիզացված, համակարգված։

«Եթե կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնց թվում է, թե իրենք կարող են նախկին սովորությունների համաձայն կամ նախկին սովորությունների կարոտով շարունակել կոռուպցիայի քարոզ իրականացնել, ապա դա տեղի չի ունենալու։ Որևէ մեկը չպետք է մտածի, որ, լինելով պետական պաշտոնյա, կարող է իրեն թույլ տալ քարոզել կոռուպցիա կամ անօրինակություն՝ թաքնված կամ բացահայտ կերպով։

Կառավարությունը պետք է աշխատի համակարգված, և բոլոր պաշտոնյաները, որոնք, այսպես թե այնպես, իրենց լիազորությունների շրջանակում մասնակցում են որոշումների կայացմանը, դրանք անշեղորեն պետք է իրականացնեն։

Մյուս գործոնը, որով պայմանավորված է նման շրջաբերական իջեցնելը, այն է, որ «աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը»: Անկախ նրանից՝ մարդն ինչ կարծիք ունի, եթե զբաղեցնում է պետական պաշտոն և կա կայացված որոշում, ուրեմն ինքը պետք է հետևի դրան ու իրավունք չունի խոչընդոտել այդ որոշման կայացմանը։ Ուրիշ կերպ չեմ պատկերացնում, որ կարող է լինել», - նշել է Արման Եղոյանը: