ՀԱՊԿ գլխավոր քարտուղար,2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Երևանի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը:

«Յուրի Խաչատուրովը հայց է ներկայացրել ընդդեմ Ստեփան Գրիգորյանի՝ վերջինիս կողմից 2018թ.-ի հուլիսի 30-ին հարցազրույցի ընթացքում արտահայտած որոշ մտքերի առնչությամբ, որոնք, ըստ Յուրի Խաչատուրովի զրպարտիչ են, սուտ են և արատավորում են ոչ միայն իր, այլ ՀՀ զինված ուժերի պատիվը, արժանապատվությունը, հեղինակությունը: Ստեփան Գրիգորյանի հարցազրույցում կան արտահայտություններ, որոնք վերաբերում են ապրիլյան պատերազմի ժամանակ Խաչատուրովին և մի շարք այլ գեներալների: Պարոն Խաչատուրովը իր անունից է հայց ներկայացրել, որովհետև օրենքն է նախատեսում այդպես», - ասաց փաստաբանը:

Հարցին, թե որն է դատարան դիմելու նպատակը, Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ Խաչատուրովի նպատակն է այդ հայցադիմումի շրջանակներում ցույց տալ, որ բոլոր այն մեղադրանքները որոնք հնչեցվել են այդ հարզացրույցի ժամանակ կապված «հողեր ծախելու», «պետական դավաճանության», «պատերազմի ժամանակ տեղում չլինելու» հետ, չեն համապատասպանում իրականությանը:

«Հիմնական խնդիրը հերքելն է մի բան, որը տեղի չի ունեցել, որն արատավորում է զինված ուժերին, իմ վստահորդին: Եթե չդիմես, որ հերքվի դատարանում, հետագայում հնարավոր է՝ դա այդպես էլ սխալ ֆիքսվի պատմության մեջ: Պարզ է չէ՞, որ եթե ինչ-որ արտահայտություն արվում է և դա նուրբ արտահայտություն է, մարդկանց վերաբերող, հուզող և դրան չես հակազդում, չես ապացուցում, որ սուտ է, չի բացառվում, որ դրա մասին պատմության դասագրքերում գրվի», - ասաց Բեքմեզյանը:

Նրա խոսքով՝ դատարան են դիմել ոչ միայն պարոն Խաչատուրովի անձին ուղղված արտահայտությունների համար, այլ ավելի գլոբալ խնդիր են տեսնում, որովհետև հարցազրույցում անդրադարձ կա պատմությանը, ապրիլյան պատերազմին:

«Եթե այդ ամենն ուղղված լիներ պարոն Խաչատուրովին, չեմ կարծում, որ նա կդիմեր դատարան, նախկինում էլ է եղել Խաչատուրովի անձին վերաբերող արտահայտություններ, որոնց համար Խաչատուրովը չի դիմել դատարան», - ասաց փաստաբանը: