««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր են ներկայացվել, համաձայն որոնց՝ հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի 2 տարով», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Փոխանցում է Tert.am-ը:

«2017թ.-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը, սակայն մրցութային գործընթացը դեռ ավարտին հասցված չէ: Մինչև մրցութային գործընթացն ավարտին հասցվի, մինչև նոր կազմակերպություն շահի, մինչև համակարգը ներդրվի, բերվեն սարքավորումները, որոշակի ժամանակ է պահանջվում, դրա համար հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվեց 2019թ.-ի հունվարի 1-ի փոխարեն մինչև 2021թ.-ի հունվարի 1-ը:

Դա չի նշանակում, որ նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր չի տրամադրվելու, իհարկե, տրամադրվելու է: Նույնականացման քարտեր տրամադրում են, սակայն ամբողջ ծավալով անցում կատարել առանց մրցույթի կայացման հնարավոր չէ:», - ասաց Մնացական Բիչախչյանը:

Մնացական Բիչախչյանն անդրադարձավ սոցփաթեթի շահառուներին, ովքեր պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտեր, որպեսզի կարողանան օգտվել սոցփաթեթներից.

«Քանի որ օրենքն ուժի մեջ է մտնելու, որ սեպտեմբերի մեկից պարտադիր պայման է դառնալու նույնականացման քարտ ունենալը սոցփաթեթից օգտվելու համար, ապա նրանք հիմա էլ կարող են դիմել Անձնագրային և վիզաների վարչություն նույնականացման քարտ ստանալու դիմումով, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան»: