«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։

Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը։

Այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ, համայնքի ավագանին չի պահպանել «ՏԻՄ» ՀՀ օրենքի 21- րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները։ Ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որը առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին։

Բայց ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են ավագանու անդամների կողմից իրենց մերձավոր ազգակցությամբ կապված անձանց շահերին բախվող ավագանու ընդհանուր թվով 6 հատ որոշումներ։

Հայտնի դարձավ, որ և 2016, և 2017, և 2018թթ.-ին ավագանու անդամները մասնակցել են իրենց մերձավորների շահերին առնչվող ավագանու նիստին և կողմ են քվեարկել դրամական օգնություն հատկացնելու համար։

Ի դեպ, 2016թ.-ին այս տարբերակով 6 հոգու է տրվել դրամական օգնություն, 2017թ.-ին՝ 4, իսկ 2018թ.-ին՝ 5 հոգու։ Նշենք, որ խոսքը 896 հազար դրամի մասին է։ Ավելին, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խմբի ստուգումներից հետո նշված գումարն ամբողջությամբ վերականգնվել է»: