Ոստիկանությունը շուտով նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար բալային զսպող համակարգ կիրառել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն մեզ մոտ նույնպես կիրառել: Հարևան երկրներում՝ համակարգի կիրառումից հետո, մահվան դեպքերը կտրուկ նվազել են», - նշեց Օսիպյանը: Փոխանցում է 168.am-ը:

Նրա խոսքով՝ այդ համակարգի կիրառումից հետո, վարորդները կսկսեն գիտակցել, որ բալերը կորցնելուց հետո հնարավոր է կորցնեն վարորդական իրավունքը: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները, հնարավոր է, անգամ քրեական պատասխանատվության ենթարկվեն:

«Առաջին և երկրորդ անգամ նրանք որոշ ժամանակով կզրկվեն իրենց վարորդական իրավունքից, իսկ երրորդ անգամ արդեն քրեական պատասխանատվության կենթարկվեն», - եզրափակեց ՀՀ ոստիկանապետը: