«Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին այլ թեկնածություն է առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի փոխարեն: Ըստ Բելառուսի նախագահի, Մինսկի դիրքորոշումը միանգամայն հստակ էր, սակայն դա հաշվի չառնվեց և Մինսկի բոլոր առաջարկները մերժվեցին ՀԱՊԿ մյուս անդամների կողմից:

«Մենք ժամանակին այլ թեկնածություններ ենք առաջադրել: Այն ժամանակ մեզ չլսեցին: Հիմա բոլորն են խոստովանում՝ Լուկաշենկոն իրավացի էր, քննարկելով այդ թեման» - ասել է Լուկաշենկոն:

Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը Բելառուսի և ՌԴ նախագահները քննարկել են օգոստոսի 2-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը:

«Մենք ավելի խորը դիտարկեցինք այդ խնդիրը, քննարկեցինք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ում և այն խնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն ՀԱՊԿ-ում և այն գործողությունների ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները» - ասել է Լուկաշենկոն: