Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ն կհրավիրի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին: Այս մասին ԿԸՀ հերթական նիստի ընթացքում հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

««Հայաստանի համայքների միության» նախագահը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից դիտորդական առաքելություն անցկացնելու համար հրավեր ուղարկելու միջնորդությամբ դիմել է ՀՀ վարչապետին, իսկ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն էլ գրությամբ դիմել է ԿԸՀ-ին, որպեսզի կոնգրեսի պատվիրակությանը հրավիրենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու համար», - ասաց ԿԸՀ նախագահը: