Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել զինծառայությունից խուսափելու համար։

Քննչական կոմիտեի նախնական քննության տվյալներով՝ Տ.Խաչատրյանը ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող «նևրասթենիա» և «նևրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ եզրակացություններ, որոնց հիման վրա՝ 2014թ.-ին երկու անգամ ստացել է տարկետում` համապատասխանաբար 5 ամիս և 3 տարի ժամկետներով։ Այնուհետև` նույն ճանապարհով 2017թ.-ի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթուղթ` 08.07.2010թ. թվագրմամբ ԱԱ սերիայի 460497 համարի ատեստատ ձեռք բերելու վերաբերյալ, որն օգտագործելով՝ 2010թ.-ին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։

Բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Տ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քննությամբ հնարավոր չի եղել պարզել մեղադրյալ Տ.Խաչատրյանի գտնվելու վայրը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ավելի վաղ նույնատիպ մեղադրանք էր առաջադրվել նաև Սուրիկ Խարատրյանի մյուս որդուն՝ Տրդատ Խաչատրյանին։ Վերջինիս նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է: