Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում և ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ըստ Շարմազանովի Ռոբերտ Քոչարյանն ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական, և՛ իրավական իրավունք զբաղվել քաղաքականությամբ:

«Կարծում եմ՝ այո, նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն իսկ զբաղվում է քաղաքականությամբ» - ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն կկոնսոլիդացվի ՀՀ 2-րդ նախագահի շուրջ՝ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն կոնսոլիդացված է իր գաղափարների, օրակարգի շուրջ: «Ով այդ պայքարում, այդ օրակարգում կօժանդակի ՀՀԿ-ին, կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը վերդարձել է քաղաքականություն: