Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը մամուլի ճեպազրույցի ժամանակ:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցով ՌԴ-ի և Բելառուսի նախագահների վերջին քննարկմանը՝ նա ասել է, որ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։

2015 թվականի սեպտեմբերին Մոսկվայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, անդամ վեց պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնն այսուհետև կստանձնեն անդամ պետությունները՝ ռոտացիոն կարգով, ըստ ռուսական այբուբենի: Ըստ այդ կարգի՝ ՀԱՊԿ գլխավորն քարտուղարի պաշտոնը, 3 տարի ժամկետով, ամրագրվել է Հայաստանին: Հայաստանը համապատասխանաբար ներկայացրել է իր թեկնածուին

Անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն մոտեցումներ, որ Հայաստանն այլևս չի կարող նախագահել ՀԱՊԿ-ում, կամ Հայաստանը պնդո՞ւմ է, որպեսզի իր ներկայացուցիչը գլխավորի կառույցը՝ Աննա Նաղդալյանը շեշտել է՝ գլխավոր քարտուղարի թեկնածուի հաստատման որոշումն ընդուվել է կոնսենսուսով: Մինչ ՀԱՊԿ-ի կողմից վերջնական որոշման ընդունումն այլ մեկնաբանություններ անելը նա համարել է ոչ կոռեկտ:

Անդրադառնալով այն հարցին, թե քանի որ հանգամանքների բերումով հայ թեկնածուի պաշտոնավարման երեք տարին այսպես էլ չլրացավ, ենթադրվո՞ւմ է, որ Յուրի Խաչատուրովից հետո ՀԱՊԿ-ի գլխավոր քարըտուղարի պաշտոնում կշարունակի աշխատել մեկ այլ հայ թեկնածու՝ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է, որ փոփոխման գործընթացը շարունակվում է և պարզ կլինի խորհդրակցությունների արդյունքում։