ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ առողջապահական բյուջեն 2019 թվականին կավելանա 10.5 մլրդ դրամով:

Ըստ նախարարի Հայաստանում առողջապահության ոլորտն իր պահանջներին համապատասխան ֆինանսավորում չի ստանում, սակայն սա միակ խնդիրը չէ։ Առկա գումարները սխալ են բաշխվում հիվանդանոցների միջեւ և հիվանդանոցների ներսում:Հաջորդ տարի, առողջապահական բյուջեն նախատեսվում է ավելացնել 10.5 մլրդ դրամով, ինչը աննախադեպ աճ է, ինչպիսին չի եղել երկար տարիներ: Նաև առկա գումարների բաշխման մեխանիզմների փոփոխություններ են նախատեսվում:

«Գումարները, իհարկե, քիչ են, սակայն մենք կփորձենք դրանք ճիշտ բաշխել» - նշել է նախարարը:

Խոսելով բժիշկների աշխատավարձերի մասին՝ նախարարը նշեց, որ Հայաստանում դրանք իսկապես ցածր են, որոշ բժիշկներ նույնիսկ վազագույն աշխատավարձից ավելի քիչ են ստանում:

«Ես միշտ ասել եմ, որ այն մարդը, որի կյանքի որակը ապահովված չէ, չի կարող հոգ տանել այլ մարդկանց կյանքի որակի մասին: Սա արդարացում չէ, այլ՝ օբյեկտիվ իրականություն, որ մենք պետք է փորձենք փոխել նոր միջոցներ ներգրավման և պետական միջոցների ավելացման միջոցով», - ասել է նախարարը: