ՀՀ կառավարության՝ օգոստոսի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է Ալբանիայի քաղաքացիներին ՀՀ մուտք գործելու համար արտոնագրի պահանջից ազատելու հարցը։

Որոշման հիմնավորման համաձայն, Ալբանիան դեռևս 2013թ.-ից ազատել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից, հետևաբար Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սույն որոշման ընդունումը հետապնդում է հայ-ալբանական երկկողմ հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման նպատակ։

«Որոշման ընդունումը թույլ կտա Ալբանիայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար», - նշվում է հիմնավորման տեքստում։