Վենետիկի միջազգային կինոփառատոնը հոբելյանական 75-րդ անգամ օգոստոսի 29-ին բացվել է Իտալիայի Լիդո կղզում: Կարմիր ուղեգորգով անցել են փառատոնի մասնակիցները, հյուրերը, ժյուրիի անդամները:

Բացմանը ցուցադրվել է ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» (First Man) նոր գործը: Աստղանավորդ Նիլ Արմսթրոնգի (1930 – 2012) դերում Ռայան Գոսլինգի մասնակցությամբ կինոնկարը պատմում է Լուսին աստղանավորդի թռիչքի մասին: Փառատոնի մասնակցների թվում են նաև Քոեն եղբայրները, Ալֆոնսո Կուարոնը, որոնք նույնպես կհավակնեն պարգևների:

Հիմնական մրցույթին մասնակցում է 21 կինոժապավեն, միջազգային ժյուրին գլխավորում է Գիլիերմո դել Տորոն: Կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար պատվավոր «Ոսկե առյուծներ» են շնորհվել կանադացի ռեժիսոր Դևիդ Քրոնենբերգին և բրիտանացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվին:

Հոբելյանական փառատոնի նշանակալից իրադարձությունը կդառնա դրա պատմությանը նվիրված ցուցահանդեսը: Որպես հարթակ կծառայի Des Bains պատմական հյուրանոցը, որը բացվել է երկարատև վերակառուցումից հետո: