Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-21-ին, այլ ոչ թե սեպտեմբերի 29-30-ին, ինչպես նախապես որոշված էր: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Նախագծի հիմնավորման համաձայն, 2018թ.-ի մարտի 28-ին ընդունված որոշման ժամանակ դեռևս ստույգ հայտնի չէր, թե հոկտեմբեր ամսվա որ օրերին Հայաստանում պետք է կայանար Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, և, որ այս տարի մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800 ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից և այլն՝ ՀՀ կառավարության նշված որոշմամբ Երևանի օրվան նվիրված միջոցառումները նախատեսվել էր իրականացնել 2 օր՝ սեպտեմբերի 29-ին և 30-ին:

Այժմ ստույգ հայտնի են Հայաստանի Հանրապետությունում կայացող Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները՝ 2018թ.-ի հոկտեմբերի 7-ից 12-ը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում նշեց , որ որոշումը պայմանավորված է հոկտեմբերի 7-12-ը անցացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով, ինչպես նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով: