Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել Շանթ Հարությունյանի հարցով և պարզել, որ Շանթ Հարությունյանի և խմբի ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը.

«Կայացվել է որոշում Շանթ Հարությունյանի, նրա գործով դատապարտված Վարդան Վարդանյանի և Լիպարիտ Պետրոսյանի պահման պայմանները փոխել կիսաբացից բաց ռեժիմի, այնպես, որ նրանք փաստացի լինեն ազատության մեջ, ինչից օգտվել են Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը: Շանթ Հարությունյանը հրաժարվել է նման որոշմամբ դուրս գալ բանտից՝ պահանջելով իրեն արդարացնել», - գրել է Եղոյանը:

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո խնդրել է Շանթ Հարությունյանին հրավիրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ և հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, պարզաբանելով, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ դատարաններին հրահանգ արձակել, որովհետև դա կլինի նախորդ իշխանության գործելակերպի շարունակություն, և Շանթ Հարությունյանին խնդրել է ստորագրել փաստաթղթերը և դուրս գալ բանտից, և ազատության պայմաններում պայքարել իր արդարացման համար:

«Վարչապետը նաև ընդունել է Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին և պարզաբանել, որ նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը մինչև օրս համարվում է դատապարտված (հանցավոր արարք թույլ տված) 2008թ․-ի մարտի 1-ի գործով, շարունակում է պայքարել իր արդարացման համար, բայց նաև համոզված է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե քաղաքական հրահանգներով, այլ օրինականության խստիվ պահպանմամբ», - գրել է Եղոյանն ընդգծելով՝ Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

5 տարի առաջ «արժեքների հեղափոխության» դուրս եկած և խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պնդում է, թե նոր իշխանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այդ գործին:

Շահենն օրերս բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ «շատ կարճ ժամանակում կլուծվի իր հորն արժանապատվությամբ ազատ արձակելու խնդիրը»:

«Մինչև հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, հեղափոխական շարժման ընթացքում նույնպես հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է», - ասել է Շահենը՝ շարունակելով․ - «Սա առաջին նամակը չէ, բազմաթիվ նամակներ եմ հղել, բայց կրկին արձագանք չկա: Կարծում եմ, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ինչքա՞ն կարելի դիմել և ոչ մի տեսակի արձագանք, ոչ մի տեսակի պատասխան չստանալ: Սա հենց վիրավորանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ»: