ՌԴ իրավապահները չեն արտահանձնելու ՀՀ-ին պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին։ Ինչպես գրել է «Ինտերֆաքսը», վերջինս 2002թ.-ից ունի ՌԴ անձնագիր։

1995թ.-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացին չէր կարող ունենալ 2-րդ պետության անձնագիր։ Նշված մասն ուժը կորցրած է ճանաչվել միայն 2007թ.-ի փետրվարի 26-ին ընդունված որոշմամբ:

Նշենք, 2005թ.-ին (երբ Հարությունյանը դեռ նախարար չէր) ընդունված Սահմանադրության 85-րդ հոդվածի 4-րդ մասով ասվում է, որ «վարչապետը և նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»՝ չնշելով, որ նրանք պետք է ունենան բացառապես ՀՀ անձնագիր։ Սակայն եթե Հարությունյանն իսկապես ստացել էր քաղաքացիություն 2002թ.-ին, ստացվում է, որ նա մոտ 5 տարի զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ ՀՀ օրենսդրության խախտմամբ։