Կարկուտից տուժած գյուղացիներն, ի տարբերություն նախորդ տարիների, փոխհատուցում կստանան կանխիկ գումարով: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ նախորդ տարիներին գումարը հատկացվում էր հողի հարկի և ջրի վարձի մուծման տեսքով:

Նա նշել է, որ մինչև օգոստոս գյուղատնտեսության ոլորտում անհամեմատ ավելի լավ վիճակ էր, քան նախորդ տարիներին, հայտնում է Panorama.am-ը:

Ներկայացնելով մինչև օգոստոսյան հայտնի կարկուտը գյուղատնտեսության կրած վնասները՝ նախարարն ասել է, որ ըստ հաշվարկների՝ ցրտահարության, կարկտահարության հասցրած վնասը հասնում էր 6 մլրդ դրամի, 2017թ.-ին այդ ցուցանիշը եղել է 12 միլիարդ դրամ, 2016թ.-ին՝ 33 միլիարդ դրամ:

Արթուր Խաչատրյանը նշել է, որ վերջին կարկտահարությունից հետո դիմել են Արմավիրի մարզպետարան, վերջնական թվերը ստանալու համար, և եթե նոր կարկուտ չլինի, սեպտեմբերի վերջին կկարողանան ի մի բերել օգոստոսին հասցված վնասը և աջակցություն ցուցաբերել բնական աղետներից վնաս կրած գյուղացիներին։

Անդրադառնալով գյուղոլորտի ապահովագրությանը՝ Արթուր Խաչատրյանն ասել է, որ այդ աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվանից, այժմ էլ դրանք ինտենսիվ կերպով շարունակվում են: