ՀՀ նոր կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարը չի մարում, հակառակը՝ նոր ոլորտներ է ընդգրկում: Իրավապահների տեսադաշտում են հայտնվում մարդիկ, ովքեր դեռ մի քանի ամիս առաջ շատ բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Կարծես թե, Փաշինյանի այն խոսքերը, թե ժողովրդից գողացված բոլոր փողերը վերադարձվելու են և Հայաստանը «կոռուպցիայից զերծ երկիր է լինելու», զուտ դեկլարատիվ չեն, գրում է Dеutsche Welle-ն:

Միայն վերջին շաբաթվա ընթացքում քրգործեր են հարուցվել՝

- ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր և ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ:

- Պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ են կասկածվում տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մհեր Սեդրակյանը:

- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածվում են ապօրինի հարստացման մեջ: Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդրի որդիները քննության տակ են:

Միջազգային հարաբերությունների և անվտանգության ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ սա նոր իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ ալիքն է և, հավանաբար, իրադարձությունները կզարգանան նույն հունով: Մինչդեռ, փորձագետը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացիկ փուլն ավելի շուտ պայքար է կաշառակերների, ոչ թե բուն կոռուպցիայի դեմ:

«Դա օրինաչափ է, քանի որ առանց համակարգային բարեփոխումների, որոնք կզրկեն կոռուպցիան նյութական բազայից, ներքին քրեական կապերից և այլ տարրերից, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող համապարփակ լինել», - ասել է Մեհրաբյանը: Նա նշել է, որ իշխանություններն այս հարցում բացառիկ քաղաքական կամք են դրսևորում:

«Կարճաժամկետ առումով, այդ հարցերը կարող են լուծվել, բայց դրա համար պետք է ԱԺ նոր ընտրություններ անցկացնել: Եվ հետո գործող թերի դատական համակարգի պայմաններում այդ պայքարը դեռ երկար կարող է տեղում դոփել», - ասել է Մեհրաբյանը՝ կարևորելով, որ բոլոր հարուցված գործերը հասցվեն դատարան: