Չինաստանի իշխանություններ ծնելիության սահմանափակման լիակատար վերացման ծրագիր են մշակում: Խորհրդարանում՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովում, արդեն ձեռնամուխ են եղել օրինագծի քննարկմանը:

Այդ մասին հայտնել է The Global Times-ը: Օրինագծի սևագիր տարբերակում նշված չեն 2016թ-ից գործող սահմանափակումները՝ ընտանիքում երկու երեխա: Վերանայված փաստաթուղթը կհաստատվի 2020թ-ի մարտին խորհրդարանի լիագումար նիստում:

Դա նշանակում է, որ Չինաստանը շուտով կարող է լիովին վերացնել ընտանիքներում երեխաների թվի սահմանափակումները: Ըստ փորձագետների հայտարարությունների՝ երկրում ժողովրդագրական իրադրությունը վերջին տարիներին խիստ փոխվել է, ուստի պետք է փոփոխություններ կատարվեն ծնելիության պլանավորման քաղաքականության մեջ: Չինաստանն աշխարհի ամենամարդախիտ բնակեցված երկիրն է: 2017թ-ին այնտեղ բնակվում էր շուրջ 1,4 միլիարդ մարդ: