Ամուլսարի շահագործման վնասների վերաբերյալ այս պահին անառարկելի փաստեր չկան՝ կան խախտումներ, մտահոգություններ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին:

Նա նշել է, որ Բնապահպանական տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Ամուլսարի հանքավայրում, որի արդյունքները հնարավորություն են տալիս գալ միջանկյալ եզրակացության, սակայն վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է միջազգային փորձաքննություն իրականացնել։

«Քրեական գործ կա հարուցված։ Քննչական կոմիտեն պետք է փորձաքննություն նշանակի: Կարևոր է, որ փորձաքննությունն անցկացվի միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից, որի արդյունքները ընդունելի կլինեն և Հայաստանի, և միջազգային հանրության կողմից։

Որոշումները պետք է կայացվեն միայն փորձաքննության հիման։ Այս պահին անառարկելի փաստեր չկան, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, բայց մեզ հարկավոր են փաստեր, և այդ փաստերի հավաքագրումը շարունակվում է», - նշել է Փաշինյանը։

Նշենք, որ արդեն երկար ժամանակ է Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:

Մինչ այդ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առաջարկվել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: