Մանրածախ շուկայում առևտրի խոշոր ցանցերի գործունեությունը կսահմանափակվի՝ տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կարգելվի զբաղվել ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մանրածախ առևտրով՝ այն պարագայում, երբ դրանք ներմուծվել կամ արտադրվել են նրանց կողմից: Խոշորներին կարգելվի նաև տեղական արտադրողների կողմից արտադրված և համապատասխան ցանկում ներառված պատշաճ որակի ապրանքը չընդունելը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մեծածախ վաճառողները, մանրածախ շուկայում գործունեություն ծավալելով, ձեռք են բերում մրցակցային առավելություն: Նախագծում ամրագրված դրույթները խախտելու համար սահմանվում է վարչական պատասխանատվություն:

Նշենք, որ ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով ցանցային առևտրով զբաղվող հայաստանյան խոշորագույն 11 խոշոր կազմակերպության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Այս ձևով ընկերությունները խուսափել են ԱԱՀ և շահութահարկ վճարելուց որոշ ապրանքատեսակների՝ այդ թվում մսի և բանջարեղենի համար: