«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման է հրավիրում Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի բոլոր թեկնածուներին:

«Բոլորս լիահույս ենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարևոր է, որպեսզի ընտրություններն անցնեն դրական միջավայրում՝ սիրո և համերաշխության հեղափոխության ոգուն ու Նոր Հայաստանի մասին ՀՀ քաղաքացիների՝ հատկապես երևանցիների պատկերացումներին հարիր», - ասված է Հովհաննիսյանը հայտարարությունում:

«Ժառանգության» հիմնադիրը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ցուցակները գլխավորող անձանց կոչ է անում այս չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպել Ռազմավարական և ազգային հետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում և հրապարակավ՝ մամուլի ներկայությամբ, քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններում

- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Նաիրա Զոհրաբյանը,

- «Երևանի հանրություն» դաշինքինը՝ Անահիտ Թարխանյանը,

- «Երևանցիներ» դաշինքինը՝ Արարատ Զուրաբյանը,

- «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը,

- «Ժառանգությանը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը,

- «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանը՝ Մանուել Գասպարյանը,

- «Իմ քայլը» դաշինքինը՝ Հայկ Մարությանը,

- «Լույս» դաշինքինը՝ Արտակ Զեյնալյանը,

- ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը՝ Միքայել Մանուկյանը,

- «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությանը՝ Գևորգ Սանդալյանը,

- «Հայք» (Հայկազուններ) կուսակցությանը՝ Գևորգ Հովսեփյանը,

- Ռեֆորմիստների կուսակցությանը՝ Արտակ Ավետիսյանը,

- «Օրինաց Երկիր» կուսակցությանը՝ Մհեր Շահգելդյանը: