Արմավիրի խաղողագործները առավոտից փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է եղել։

Նրանք Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղից պահանջում են խաղողի մթերման գինը բարձրացնել։ Ցուցարարների պայմանագրերը հենց այս գործարանի հետ են։ Գյուղացիներն ասում են, որ թանկացումներ են տեղի ունեցել, իսկ գործարանը հայտարարել է, որ խաղողը կմթերի 120-130 դրամով։ Դա, ըստ խաղողագործների, իրենց բերքի ինքնարժեքն է։

«Դեղերը թանկացրեցին, դիզվառելիքը թանկացրեցին, ոչ ոք չխոսեց, չբացահայտեց, որոշեցին մթերումը 160, հիմա միանգամից կոտրեցին 140, հիմա էլ ասում են, որ վաղը նոր գինը կորոշեն», - բողոքում էին խաղողագործները։

Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց.

«Մյուս ընկերությունները խաղողն ընդունում են 160 դրամով՝ ըստ իրենց որակի, ըստ իրենց քանակի։ Հիմա կոնյակի գործարանը, որը հիմնական մթերող է, 140 դրամ է որոշել, որը պակաս է մյուս ընկերությունների գնից, գինն ընկնում է՝ նախկին գինը, որ ունեցել են 160-170 դրամ, այսօր դառնում է 140-130 դրամ։ Հարկավոր է գործարանի տնօրենիության հետ կապվել, առաջարկ անել, որ մթերումը կատարվի նախկին՝ 160-170 գնով»։