Ադրբեջանի հաշվիչ պալատի «2018թ. հունվար-հունիս ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը և բյուջեի չափորոշիչները» փաստաթղթի համաձայն՝ երկրի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Փաստաթուղթը ներառում է Ադրբեջանի արտաքին և ներքին պարտքերի վիճակագրությունը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հուլիսի սկզբին միայն Ադրբեջանի վարկային համաձայնագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով արտաքին պարտքը կազմել է 9,5 մլրդ դոլար:

2018թ. 6 ամսում այս երկրի արտաքին պարտքն աճել է 1,1 տոկոսով:

Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է մոտակա երեք տարում նվազեցնել պետական բյուջեի ծավալը: Դա կանխատեսվում է այդ երկրի նախագահի`«Ադրբեջանի պետբյուջեի կառավարման վերաբերյալ միջին և երկար ժամկետի համար ռազմավարության» հաստատման մասին հրամանագրով, ըստ որի 2019թ-ին պետբյուջեի եկամուտները պետք է կազմեն 18 մլրդ 790,7 մլն մանաթ, ծախսերը` 18 մլրդ 919,7 մլն մանաթ: