ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնների համատեղումից ոչ մեկը, ոչ մյուսը չեն տուժի: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում.

«Ժամանակը ցույց կտա, որ ոչ ազգային անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքները։

Առաջնահերթությունների թվում է մասսայական ֆուտբոլի ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը», - ասել է ԱԱԾ տնօրենը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ արդեն որոշակի ուսումնասիրություններ կատարել է և իր ծրագրերը կներկայացնի ֆեդերացիայի նախագահի ընտրության օրը՝ սեպտեմբերի 22-ին։

Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերի, ըստ Վանեցյանի, ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կառույց է:

«Այն, ինչ ունենք, արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել», - ասել է նա։

Նշենք, որ ավելի վաղ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե ՀՀ ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար հավակնություններ ներկայացնի, ապա ինքն այլևս չի առաջադրվի այդ պաշտոնում: