Սեպտեմբերի 8-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսօր հրավիրված խորհրդակցության ընթացքում քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը նշել է, որ համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում անհրաժեշտ է ընդգրկել հնարավորին շատ տեխնիկական և մարդկային ռեսուրսներ:

«Պետք է գործի դնել մեր ենթակայության տակ գտնվող բոլոր տեխնիկական միջոցները, իսկ շաբաթօրյակի բոլոր մասնակիցները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ բոլոր պարագաներով: Շաբաթօրյակի շրջանակում մենք խնդիր ունենք պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի բոլոր հատվածները, այդ թվում վարչական շրջանների բակերը, այգիները, պուրակները, ընդհանուր օգտագործման այլ տարածաքները, պողոտաները, փողոցները, հրապարակները, դպրոցները, ինչպես նաև հանրային նշանակություն ունեցող կառույցների հարակից տարածքները», - ասել է նա։

Համաքաղաքային շաբաթօրյակին կմիանան Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, կամավորական կազմակերպություններ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, բնակիչներ: Դժվարամատչելի տարածքներում աղբը կմաքրվի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ: