Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Քոչարյանը չի հրամայել ոստիկանության ստորաբաժանումներին 2008թ-ի մարտի 1-ի լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ, որտեղ նստացույց էին իրականացնում այդ տարվա փետրվարին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքից դժգոհ ցուցարարները:

«Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, անդրադառնալով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծված և շրջանառության մեջ դրված Մարտի 1-ի վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերին, Օրբելյանն ասել է, որ «այդ էպիզոդը Քոչարյանին չի առնչվում»:

Նա նաև տեղեկացրել է, որ Քոչարյանի անձնագիրը գտնվում է վարույթն իրականացնող՝ հատուկ քննչական ծառությունում:

Հիշեցնենք, որ 2008թ-ի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1300 ծառայողներ Երևաի Ազատության հրապարակում նստացույց իրականացնող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր հավաքները բացառելու նպատակով, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով, հարկադրաբար հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները:

Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի, ինչպես նաև հանրության մոտ ի հայտ եկած կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, ոստիկանության գործողությունները որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ-ի փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: