Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017թ-ի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է 41%-ով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նա տեղեկացրել է, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը ևս ընդլայնվել է։

«Նախորդ տարի Արցախը 95 երկրներից հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների. նրանց գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և եվրոպական այլ երկրներից ժամանածներն են։ 2017թ-ին առաջին անգամ զբոսաշրջիկներ ենք ունեցել նաև Կամերունից, Մոնղոլիայից, Բենինից, Սալվադորից», - մանրամասնել է ոլորտի պատասխանատուն։

Զբոսաշրջիկներին հիմնականում հետաքրքրում են Արցախի գեղատեսիլ բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, որոնցից մեր զրուցակիցն առանձացրել է Գանձասարի վանական համալիրը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, Տիգրանակերտն ու Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը։

«Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումից հետո զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում նաև դեպի Դադիվանք վանական համալիր։ Որպես առանձին զբոսաշրջային կենտրոն կառաձնացնեի նաև Շուշի քաղաքը, որը վերջին տարիներին համալրվում է նոր զբոսաշրջային ենթակառուցվածքներով», - նշել է Ա. Գրիգորյանը: