Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին կարգադրություն է ստորագրել, որով Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Սոկրատ Հախվերդյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից: Ընդ որում՝ մարզպետն այս մասին նա7 գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Սոկրատ Հախվերդյանի փաստաբան Դիանա Գրիգորյանը news.am-ի հետ զրույցում հավաստեց, որ կարգադրությունում Հախվերդյանին աշխատանքից ազատելու հիմնավորումների մասին որևէ խոսք չկա, միայն վկայակոչված է այն իրավական հիմքը, որով մարզպետն իրավունք ունի բժշկական կենտրոնի տնօրենին ազատել աշխատանքից.

«Կարգադրությունից այն տպավորությունն է, որ իսկապես մարզպետի դեմ խաղ չկա, ինքը գյուղապետից արդեն դարձել է մարզպետ և ում ցանկանա՝ աշխատանքից կազատի, ում էլ՝ կնշանակի: Եթե քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն առայժմ խոսքերով է ասում, որ իրենց դեմ խաղ չկա, իշխանափոխության ընթացքում գյուղապետից մարզպետ դարձած Գարիկ Սարգսյանն արդեն գործով է դա ապացուցում»:

Փաստաբան Դիանա Գրիգորյանի պնդմամբ՝ մարզպետի հրամանն ակնհայտ անօրինական է և նպատակ է հետապնդել բժշկական կենտրոնի տնօրենի հաստիքն ազատել, որպեսզի այն զբաղեցնի մարզպետի մտերիմներից մեկը:

«Սոկրատ Հախվերդյանի պաշտոնավարման շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ տարի հինգ ամիսների ընթացքում Սոկրատ Հախվերդյանը կարողացել է բժշկական կենտրոնի վրա կուտակված 97 մլն դրամի պարտքը նվազեցնել շուրջ 13 մլն-ով: Եվ դա այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը վերանորոգման մեջ գտնվելու պայմաններում աշխատում է կեսից պակաս ծանրաբեռնվածությամբ: Սոկրատ Հախվերդյանն օպտիմալիզացրել է ուրճացված աշխատակազմը՝ կրճատելով ավելի քան 74 հաստիք և կարողացել է վճարել հաստիքների կրճատման արդյունքում գոյացած 27 մլն վերջնահաշվարկի պարտքը», - նշեց փաստաբանը:

Դիանա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Սոկրատ Հախվերդյանի փոխարեն Արտաշատի բուժկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Համբարձումյանը, որի եղբայրը ժամանակին դժգոհել է Հախվերդյանից այն բանի համար, որ Սոկրատ Հախվերդյանը բոլորին ստիպել է «սպիտակով» աշխատել:

«Սոկրատ Հախվերդյանը ստեղծել է հիվանդների հետ հետադարձ կապի համակարգ, որի միջոցով հնարավոր է եղել հսկողություն իրականացնել և կանխել հնարավոր ապօրինություններն ու յուրացման դեպքերը: Այս մասերով կան նաև հարուցված քրեական գործեր: Պետք է փաստենք, որ մեկ տարի առաջ Սոկրատ Հախվերդյանը Արտաշատի ԲԿ-ի տնօրեն նշանակվեց կենտրոնի համար ճգնաժամային պայմաններում, երբ բուժկենտրոնը հսկայական պարտքեր էր կուտակել, ուներ ուռճացված աշխատակազմ, բարձր տոկոսներով վարկեր: Հախվերդյանի կառավարման շատ կարճ ժամանակահատվածում ոչ միայն կիսով չափ աշխատող հիմնարկը կարողացել է էականորեն թոթափել պարտքերը, այլև նվազեցնել վարկային տոկոսադրույքները, վերացնել ԲԿ-ում առկա յուրացման դեպքերը:

Բուժհաստատության արդեն նախկին տնօրենի շահերի պաշտպանը տարակուսում է. ո՞ր թերացման համար է մարզպետը պաշտոնից ազատել Սոկրատ Հախվերդյանին։