Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 6-15-ը հյուրախաղերով հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում, որտեղ կկայանան Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» հանրահայտ օպերաների պրեմիերաները:

Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենը» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) կցուցադրվի երեք օր անընդմեջ՝ սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին։

Առաջին ներկայացմանը հանդես կգան սոպրանո Կարինե Բաբաջանյանը (Կարմեն), տենոր Հովհաննես Այվազյանը (Դոն Խոսե), Մերի Մովսիսյանը (Միքայելա), Գևորգ Հակոբյանը (ցլամարտիկ Էսկամիլիո) և այլ անվանի արտիստներ, ինչպես նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը։

Բեմական հագուստների դիզայները Քրիստինե Ավետիսյանն է, բեմի ձևավորումն իրականացրել է Հայաստանի օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը։ Ներկայացման դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ)։

Երկրորդ ներկայացումը՝ Մոցարտի «Կախարդական սրինգը», Դուբայի օպերային թատրոնում բեմ կբարձրանա հաջորդ շաբաթ, կրկին իրար հաջորդող 3 օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին։ Ներկայացման հագուստների ձևավորումը կատարել է անվանի դիզայներ Ալբերտո Սպազին։ Ներկայացման բեմադրությունն իրականացրել է իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչիկեն։

«Կախարդական սրինգում» հանդես են գալու օպերային թատրոնի փորձառու արտիստներն ու երիտասարդ ուժերը՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիպարիտ Ավետիսյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Ալինա Փահլևանյանը և օպերային թատրոնի այլ հայտնի մենակատարներ։

Դուբայի օպերային թատրոնի գործադիր տնօրեն Ջասպեր Հոփեն նկատել է, որ սեպտեմբերին Դուբայի հանդիսատեսը կվայելի երբևէ գրված երկու հզոր օպերա, երկու հրաշալի ներկայացում Հայաստանի օպերային թատրոնի շնորհիվ։