Թուրքիայի դատարանը 6 տարվա ու 3 ամսվա ազատազրկման դատապարտեց ռեժիսոր Ալի Ավչիին՝ «ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու, մասնավորապես, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու» մեղադրանքով․ վերջինիս պաշտոնական Անկարան համարում է 2016թ-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձի կազմակերպիչ:

Ավչին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Թուրք ռեժիսորը ձերբակալվել է անցյալ տարի՝ իր «Սթափեցում» ֆիլմի թրեյլերի հրապարակումից հետո, որում նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկայացվել է զենքը ճակատին, իսկ նրա որդին ու կինը՝ սպանված: Ֆիլմը պատմում է Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին, որի ընթացքում սպանվել է մոտ 250 մարդ:

Այդ իրադարձություններից հետո Թուրքիայում ավելի քան 50 հազար մարդ ձերբակալվեց, 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ ուսուցիչներ, դատավորներ, զինվորականներ և պաշտոնանկ արվեցին: