Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Ալավերդիում փոշու և ծծմբի երկօքսիդը գերազանցում է թույլատրելի նորման:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ հուլիսին Վանաձորում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 2.5 անգամ, Ալավերդիում՝ 2.2 անգամ: Փոխանցում է Պանորաման:

Նշված ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդն էլ Վանաձորում թույլատրելի նորման գերազանցել է 1.6 անգամ, Ալավերդիում` 2.1 անգամ:

Մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:

Նշենք նաև, որ ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, հուլիս ամսին հանրապետության բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 14 ստացիոնար դիտակայաններում:

Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 285 փորձանմուշ, պասիվ նմուշառման 197 դիտակետից՝ օդի 1 638 փորձանմուշ: Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի համապատասխանաբար 27 504 և 4 211 դիտարկում: