Հայաստանի Հանրապետությունը բոլոր լծակներն ունի՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար: «Զինուժին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ, ամբողջական և տևական կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, որևէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել», - ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է համբերատար քննարկումների արդյունքում իմանան, թե ի՞նչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ն Հայաստանի առջև և ի՞նչ պարտավորություններ ունի ՀՀ-ն ՀԱՊԿ-ի առջև:

«Երբ նախկինում, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, ես ասում էի, որ ՀԱՊԿ պայմանագրի առումով մենք պետք է շատ հստակ մեր դաշնակիցների հետ և իրար առջև պարզաբանենք փոխադարձ պարտավորությունները, որ իմանանք՝ ՀԱՊԿ-ի շրջանակում յուրաքանչյուրն ի՞նչ պարտավորություն ու իրավունք ունի, շատերն այդ հայտարարությունները մեկնաբանում էին որպես «հակաՀԱՊԿ-ական»», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ առաջին շփումներում իր համար ակնհայտ է դարձել, որ նույն հարցը կա նաև նրանց մոտ:

«Գաղտնիք չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ առաջին շփումների ժամանակ ես մեր մտահոգությունները փոխանցել եմ Բելառուսի նախագահին և ընդհանրապես ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր Ադրբեջանի հետ զենքի, զինամթերքի առևտուր են անում, որը մեզ անհանգստացնում է»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ ուզում է, որ քննարկումների նպատակը շատ հստակ լինի.

«Նպատակը ոչ թե ՀԱՊԿ-ին վնասելն է, այլ ընդհակառակը՝ ուժեղացնելը: Հայաստանը շահագրգիռ է, որ ՀԱՊԿ-ն բառիս բուն իմաստով լինի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Էլի եմ ասում, մենք այստեղ շատ հստակ խնդիր ունենք լուծելու, դա մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է, և մեր աշխատանքը պետք է միտված լինի հենց դրան»: