Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է․

«Թյուր է կարծիքը, թե «Նորֆոլկի» գործունեության դադարեցումից հետո սկսելու ենք ավելի լավ գործել. մենք ինքներս էլ ենք սովորում:

Եթե մենք «Նորֆոլկի» փոխարեն նոր աշխատողներ ենք ընդունում, ովքեր պետք է նրանց փոխարեն վազվզեն, պետք է համբերատար լինենք և մի քիչ ավելի հանդուրժող: Եթե մենք մաքսազերծողներին աջակցող վարչություն չստեղծեինք, օգնություն չառաջարկեինք, իրենց հարկային պարտավորությունները անգամներով էր ավելանալու: Մենք ցանկացել ենք անցումային փուլ ապահովենք:

Հարկերի նվազեցում հնարավոր չէ, որովհետև զրոյից ներքև չենք կարող նվազեցում կատարել: Նրանց վճարած հարկերը մենք բնորոշում ենք որպես զրոյի միջակայքում վճարված հարկեր»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ տոնավաճառների առևտրականները նշում են, որ նախկինի համեմատ մաքսազերծման արժեքը կրկնակի աճել է, Դավիթ Անանյանն ասաց.

«Նորֆոլկի» ժամանակ Չինաստանից եկած բեռները մաքսազերծվում էին 2,55 դոլար կիլոգրամի դիմաց և 70 ցենտ վճարվում էր «Նորֆոլկ»-ին՝ ծառայությունների դիմաց, այսինք ընդհանուր բեռի գումարը կազմում էր 3,2 դոլար: Հիմա մենք ասում ենք, որ միայն հագուստեղենի և կոշկեղենի համար 3,25-ի փոխարեն պետք է վճարեք 3,75 դոլար, այն էլ ձեր ընտրությամբ է, իսկ մնացածի համար պետք է կատարվի ըստ տեսականու մաքսազերծում:

Ինչու ենք այսպես ասում, որովհետև որոշ ապրանքատեսակների դեպքում շատ հաճախ, ըստ տեսականու մաքսային ձևակերպումներն ավելի էժան են, քան նախկինում գործող սակագները: Մենք կարող ենք ուղղակի իրար հետ համադրենք, եթե 3,25-ը դարձել է 3,75, դա չի կարող լինել կրկնակի: Եթե դրան գումարվել է նաև բեռնափոխադրողի գումարը, որը նախկինի համեմատ մի փոքր բարձրացրել է իր սակագները, եթե օրենքի շրջանակներում գործելը բեռնափոխադրողների մոտ որոշակի սակագների բարձրացման է հանգեցրել, կարող է այդ 50 ցենտին գումարվել ևս ասենք 0,3 ցենտ:

Մենք հաշվարկներով ստացել ենք այնպիսի գներ, որոնց պայմաններում ըստ տեսականու մաքսային ձևակերպում իրականացնելիս կիլոգրամի դիմաց այդքան գումար հավաքագրելով մենք կարողանալու ենք թափանցիկորեն ցույց տալ ըստ տեսականու այն բեռը, ինչ նրանք ներմուծել են:

Դրանից ներքևի դեպքում պետք է զանազան տեսակավորումներ անել: Սա այն նվազագույնն է, որի պայմաններում կարող ենք մնալ օրենսդրության սահմաններում», - ասաց նա:

ՊԵԿ նախագահը նշեց, որ Թուրքիայից բերված բեռների դեպքում ավելացումը 90 ցենտ է կազմել.

«2,65 դոլարի փոխարեն առաջարկել ենք 3,55 դոլար, որովհետև հաշվարկները ցույց են տալիս, որ հենց այդ դեպքում կարող ենք մնալ օրենսդրության սահմաններում»: