Մոսկվան հայտնել է, որ «Արևելք-2018»-ն ամենախոշոր զորախաղերն են հետխորհրդային Ռուսաստանի պատմության ընթացքում:

Այսօր մեկնարկած զորավարժություններին մասնակցում է մոտ 300 հազար զինծառայող: Այս զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Արևմուտքի խիստ լարված հարաբերությունների պայմաններում: ՆԱՏՕ-ն դատապարտել է այդ զորավարժությունները, հայտարարելով, որ «Արևելք-2018»-ը դիտում է որպես «խոշոր բախման փորձ»:

«Այս զորավարժությունները վկայում են լայնածավալ բախում հաշվի առնելու Ռուսաստանի պատրաստականության մասին», - այս տարվա օգոստոսին ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Դիլան Ուայթը:

«Դա այն է, ինչ տեսնում ենք վերջին ժամանակաշրջանում՝ ավելի ագրեսիվ Ռուսաստան, որն ավելացնում է իր ռազմական բյուջեն», - հավելել է Ուայթը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Վլադիվոստոկում սեպտեմբերի 11-13-ը տեղի ունեցած տնտեսական համաժողովում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինին, ներկա կլինի զորավարժությունների բացմանը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե «Արևելք-2018» զորավարժություններն ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի դեմ, «սակայն անհրաժեշտ են, հաշվի առնելով միջազգային թշնամական մթնոլորտը»:

Պաշտպանության նախարարար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 4-ին ասել է, որ զորավարժություններին կմասնակցի ավելի քան հազար միավոր ավիացիա, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, 80 ռազմանավ, 36 հազար հրասայլ և այլ զրահատեխնիկա:

Նշենք, որ Մոսկվան վերջին տարիներին խոշոր զորավարժություններ է անցկացրել նաև Կովկասում, Բալթյան ծովի և Արկտիկայի շրջաններում: