Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառն այն է, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատավարձը՝ արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ դեռ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին՝ խնդիրը լուծում չի ստացել նաև Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ եղած ժամանակ ևս:
Հարցազրույցում Ալվինա Գյուլումյանը մեկնաբանեց.
«Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: Դեռևս 2014թ-ին էի դիմել, ասել էի՝ հաշվարկեք, չէին արել, ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն և դրա հիման վրա խնդրեցի՝ վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»: