Այցով Երևանում է գտնվում Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունը: Հայաստանի պաշտպանության նախարարության և Ազգային գվարդիայի միջև համագործակցության զարգացման 15-ամյակի հետ կապված՝ պատվիրակության անդամներին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հանդիպմանը մասնակցած Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ համագործակցության ծրագիրը մշակվել է 90-ական թթ-ին, երբ ԱՄՆ առջև ծառացած էր նախկին ԽՍՀՄ երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցը: Շեշտը դրված էր անվտանգության ոլորտի վրա: Որոշվել էր, որ դրան առավել համապատասխանում է Կանզասի Ազգային գվարդիան:

Համագործակցության ակտիվ փուլը մեկնարկել է 2003թ-ից: Խաղաղարարություն, տրանսպորտի հարցեր, ինժեներական ապահովում, բժշկություն՝ սա համագործակցության ուղղությունների ոչ ամբողջական թովարկումն է, արձանագրեց դեսպանը: