Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարեց․

«2008թ-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացած չի եղել, առաջնագծում ընթացել է սովորական մարտական աշխատանք:

Ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Կարող եմ ասել, որ տվյալ դեպքերի ու առաջնագծի անմիջական գործողություններն իրար հետ պետք չէ կապել», - հայտնեց Արտակ Դավթյանը:

Նշենք, որ 2007թ-ի հուլիսի 20-ից 2009թ-ի հունվարի 31-ը նա եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Արտակ Դավթյանը հայտնեց, որ 10 տարվա վաղեմության դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որն իրեն հասանելի է եղել, համապատասխան մարմինների հարցումով բոլոր հարցերին պատասխանել է: Ըստ նրա՝ ընթանում է քրեական գործ, որի շրջանակում ամեն ինչ պարզ կլինի.

«Ես չեմ կարող մեկնաբանել գործի նյութերին վերաբերող հարցերը»:

Նա միաժամանակ հայտնեց, որ 2008թ. մարտի 1-ից հետո՝ մարտի 5-ին, Արցախում կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ.

«Այդ ժամանակ հակառակորդն ունեցել է 10-12 զոհ, հայկական կողմն ունեցել է 2 վիրավոր: Դրանից հետո, օրինակի համար, մենք 2014-2015թթ-ին ունեցել ենք 80-ից ավելի նման գործողություններ սահմանին», - ասաց Արտակ Դավթյանը՝ հավելելով, թե այդ դեպքերը կապել Մարտի 1-ի հետ՝ մի քիչ վիճելի հարց է.

«Հիմա ինչի՞ հետ կապենք այդ 80 գործողությունները»:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նաև նշեց.

«10 առաջվա դեպքերի վերաբերյալ կարող եմ ասել՝ սահմանը չի տուժել, չի թուլացել, իսկ գործողությունը, որը եղել է, կապել-չկապելը պետք է հարցնել երևի հակառակորդին, թե չէ ենթադրություններ կարելի է անել»։

Հարցին՝ մարտի 1-ին բանակը կրակել է բնակարանների ուղղությամբ, Արտակ Դավթյանը պատասխանեց.

«Բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ, եթե կրակել է՝ կրակել են անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ: Ընդհանուր բանակը տասնյակ հազարավոր մարդիկ են, հիմա ասում ենք՝ տասնյակ հազարավոր մարդիկ կրակել են: Տասնյակ հազարավոր մարդիկ չեն կրակել, կրակել են կոնկրետ անհատներ»:

Ճշտող հարցին՝ նման հրաման եղե՞լ է, ԳՇ պետը հայտնեց.

«Նման հրաման չի եղել»