ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:

Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը, ինչի հետևանքով կարող է Հայաստանում թանկանալ ցորենը և հացը:

Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։ Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018թ-ի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով: