«Վարչական և մասնագիտական վերահսկողության արդյունքում մի շարք համայնքներում, դպրոցներում, պետական այլ կառույցներում բացահայտվել են խախտումներ, որոշ դրվագներով կան նաև հարուցված քրեական գործեր», - այս մասին նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում, փոխանցում է Պանորաման։

Լրագրողների հարցին, թե արդյոք եղե՞լ է կադրային ջարդ մարզպետարանի աշխատակիցների շրջանում, Կոտայքի մարզպետը պատասխանել է.

«Մարզպետարանի 137 աշխատակիցներից միայն 10-15 պաշտոններում են փոփոխություններ եղել: Դրանք հայեցողական քաղաքական պաշտոններն են, որոնք բնական է, որ պետք է փոխվեին: Իհարկե, եղել են նաև ազատման դիմումներ քաղ. ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանցից, բայց ինձ համար դա հասկանալի է, քանի որ մարդիկ իրենց չեն տեսնում նոր իրողություններում նոր թիմի հետ աշխատելիս»:

Մարզում այս պահին իրականացվում են մանկապարտեզների, դպրոցների, մշակույթի կենտրոնների վերանորոգման, տանիքապատման աշխատանքներ, կառուցվելու են նոր 2 դպրոցներ Կամարիս և Նոր Գյուղ համայնքներում, նախատեսվում են մանր և խոշոր ներդրումներ: Շուտով Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում մոտ 200 մլն դոլարի ներդրումներով կհիմնվեն 60 հողմակայաններ՝ ընդհանուր մոտ 180 մգվ հզորությամբ:

Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ իրականացվել են նաև սոցիալական ծրագրեր և աշխատանքներ, որոնք բացառապես բարի կամք էին պահանջում՝ առանց ներդրումների, ծախսերի և լրացուցիչ միջոցների: Դրանցից են Երևան-Սևան մայրուղու բարդիների չորուկների սանիտարական էտի արդյունքում հավաքագրված վառելանյութի հատկացումը սոցիալապես անապահով ընտանիքներին և մոտ 4000 տոննա ֆրեզով մի շարք համայնքներում ճանապարհների բարեկարգումը: