Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքի նոր օդանավակայանում աշխատող շուրջ 500 շինարարի, ովքեր մասնակցել են ակցիայի՝ բողոքելով աշխատանքի բարդ պայմաններից։

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան, փոխանցում է Ռիա Նովոստին։

«Մեր արհմիությունը փաստաբանների, պատգամավորների հետ պահանջում են ազատել աշխատողներին և կատարել նրանց պահանջները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նշվում է, որ չնայած օդանավակայանը Թուրքիայի կարևոր ծրագրերից մեկն է, շատ խնդիրներ են կուտակվել, որոնց հետ աշխատողներն այլևս չէին կարող համակերպվել։

«Օդանավակայանի շինարարության վրա աշխատում է 35 հազար մարդ, 5 հազար ինժեներ։ Արդեն շուրջ հազար աշխատող ստացել են լուրջ վնասվածքներ։ Աշխատողների պահանջները պարզ են և արդարացի. չեն ուզում չոր ուտելիք, ուզում են նորմալ անկողին, ավելի բարձր աշխատավարձ իրենց բարդ աշխատանքի դիմաց»,- ասել է շինարարների արհիմության ղեկավարը։