Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով:

«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում. կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց, ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում» - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Թշնամու ակտիվությունը ճնշվել է մեր զինվորների կողմից։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական զինված ուժերը կրակել էին Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ: Ադրբեջանական կրակոցներից վիրավորվել է Կոթիի 60-ամյա բնակիչ Սուրեն Սեփխանյանը:

Նա տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, վիճակը բարվոք է:

Սեպտեմբերի 14-ին էլ ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։ Մինչ այդ՝ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։