Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանել է լրագրողների տարաբնույթ հարցերին։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հայտարարությանը, որով վերջինս պնդում է, որ չի պատրաստվում իրեն և իր ընտանիքին պատկանող գումարները վերադարձնել պետբյուջե պատասխանել է․

«Ապօրինի հարստացման հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները և կառավարության անդամները՝ հետամուտ լինելով այդ հարցին։ Ես այդ հարցով չեմ զբաղվելու», - նշեց խորհրդարանականը, փոխանցում է Պանորաման։

ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իսկապե՞ս վախենում է միայնակ, առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայության այլ թեկնածուների հետ քաղաքական բանավեճերից։

«Ես կողմ է եղել, որ թեկնածուները բանավեճերի մասնակցեն, սակայն այդ հարցն անձամբ քաղաքապետի թեկնածուն է որոշում։ Չեմ կարծում, որ խուսափում է։ Այս և առաջիկա օրերին Հայկ Մարությանը լինում է վարչական շրջաններում՝ հանդիպումներ ունենալով քաղաքացիների հետ։ Հավանաբար, այդ շփումը նա ավելի կարևոր է համարում։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ լավ կլինի, որ թեկնածուները մասնակցեն քաղաքական բանավեճերին», - նշեց պատգամավորը։

Լենա Նազարյանը տեղեկացրեց նաև, որ իրենց ունեցած տեղեկություններով, արդեն իսկ ընտրակաշառքներ են բաժանվում, և իրավապահները պետք է զբաղվեն այս հարցով։

«Այո, մենք դիմել ենք իրավապահներին, փոխանցել ենք տեղեկություններ, որովհետև քաղաքացիներն այդ մասին մեզ տեղեկություններ են հայտնում։ Ըստ էության, կոշտ արտահայտություններն ուղղված են այն ուժերին, որոնք գործում են հեղափոխության արժեքների և օրինականության դեմ։

Մենք խոստացել ենք ազատ և արդար ընտրություններ, և եթե կլինեն ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներ, ապա նրանք կվտանգեն ընտրությունների օրինականությունը և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։ Չեմ կարող ասել՝ ընտրակաշառքները զանգվածային բնույթ են կրում, թե ոչ, բայց այսօր առավոտյան առանձին դեպքի մասին մեր տեղեկությունները հայտնել ենք իրավապահներին», - ասաց պատգամավորը։